L



N
D
E
R

G
R
I
G
O
R
Y
A
N



  Սկիզբ Կենսագրություն Կարծիքներ Պատկերասրահ 1 Պատկերասրահ 2 Քանդակներ 
Գրաֆիկա Պոեզիա Կոնտակտներ

* * *

Ցորեն մազերդ ցորեն մազերդ
Փռեիր վրաս փռեիր վրաս

Հնձվորի նման հնձվորի նման
Պառկեյի հոգնած պառկեի հոգնած

Աստղերի նման աստղերի նման
Նայեիր վրաս նայեիր վրաս

Ես քո մազերին աչքերին գերված
Քնեի հարբած, քնեի հարբած
քնեի հարբած...

* * *

Գամ,
Ու աչքերիդ նայեմ
Քո նշե
Խոշոր աչքերին:

Գամ
Ու քո մազերն երկար
Ափ առնեմ
Հյուսեմ իմ մատին:

Գամ
Ու քո կրակ ու բոց
Շուրթերի հուրերն հավաքեմ:

Գամ
Ու դու
Գոգ փեշդ անես
Ես հոգուս գանձերը քեզ տամ...

* * *

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Խոր ձորերի մեջ
Քար սարերի մեջ
Հին մեր վանքերը վկա
Դու ես աղոթքս
Իմ պատարագս
Ու տիրամայրս եղել...

* * *

Հրաշալի գիշեր ես ու դու մենակ
Երգեցինք երգեր երգեցինք օրհներգ
Երգեցինք զուգերգ ու պատարագ
ես ու դու մենակ:
Ես ու դու մենակ
Ու ձիգ ու երկար ձմեռվա գիշեր
Ոչ մարդ կար ոչ աստղ
Ու դաշնամուրի ձայներին ներհակ
Քո ձայնը «Սուրբ Սուրբ...»
Ու իմը խզված մինչև ուշ գիշեր
ես ու դու մենակ:
Երգեցինք երգեր երգեցինք օրհներգ
Երգեցինք խմբերգ ու պատարագ
ես ու դու մենակ:
Ու գիշերն այդ սուրբ
Ու գիշերն այդ ձիգ
Ու գիշերն այդ մութ ու մենակ
Ականջիս մեջ է ու աչքիս առաջ
Քո ձայնը «Սուրբ-Սուրբ...»
Մինչև ուշ գիշեր
Մինչև լույս գիշեր
Ես ու դու մենակ...

* * *

Կփնտրեմ կգտնեմ քեզ մի օր
Կբռնեմ մատներդ բարակ
Կնայեմ աչքերիդ լուսավոր
Ու կարոտս կփռեմ քո առաջ:

Զարմացած գուցե դու ինձ նայես
Մազերիս մորուքիս ճերմակած
Արյունոտ իմ վարդերը առնես
Ու ինձ հետ, ու ինձ հետ հեկեկաս...

* * *

Ս. Ք.-ԻՆ 

Քո շուրթերը համբւյրներ են
Համբույրներ են հրաբորբ
Քո աչքերը աստղիկներ են
աստղիկներ են լուսահորդ:

Արևներ են քո վարսերը
քո վարսերը ոսկեհեր
Կամարներ են քո հոնքերը
ոսկեփետուր արծիվներ:

Ոգեղեն է քո մարմինը
սերդ կիրք է կիրքդ սեր
Անմարմին է անկշիռ է
Ու անէ ու անես:

Ու գերող է ու կանչող է
կախարդող է ու ձգող
Ու ներող է ու ներող է
Ու անչար է ու անոխ...

* * *

ՇԱՄԻՐԱՄ

Տիրեց երկիրն Ասորաց
Բաբելոնն ու Արևելք
Սրով զենքով ծունկ իջան
Նրա առաջ արուներ...
Բայց երբ կնոջ սարսուռով
Զարթնեց սերը նրա մեջ
-Ահուրամազդրա աղերսեց
Առ ինձանից ողջը հետ
Ինչիս են պետք գահ ու փառք
Չեն հագեցնում նրանք ինձ
Տուր ինձ մի սեր անաղարտ
Տուր ինձ համբույրն Արայի...

* * *

Օ Շամիրամ Շամիրամ
Կրքերի զոհ Շամիրամ
Սուր ու զենքով տիրեցիր
Թագեր գահեր արուներ
Բայց արքայաց Արային 
Որին սիրտդ բացեցիր
Ոչ կանացի կրքերով
Ոչ զորքերով տիրացար...

* * *

Ես որդին եմ հզոր արևի
Տոթակեզ հարավի որդին
Իմ հոգուն մոտ է հայուհին նշաչ
Սեգ պարմանների հայացքն արծվենի:

Իմ հոգուն մոտ է մռունչն առյուծի
Ձին Ավարայրի հողմի պես թռչող
Ծծված է արյունն իմ ապ ու պապի
Հին Ուրարտական որդան կարմիրով:

Ես Հարավցի եմ, արևի որդի
Ու դրանով էլ անսահման հպարտ
Ես մեծ Դանտեին կարդում եմ սիրով
Բայց Նարեկով է հոգին իմ կնքված...

* * *

Ներբող Հայֆիլմի աստղ Կեկելի դերակատար Հմայիչ ու առինքնող
Թագուհի Մախմուրյանին:



Հեռու օրերի միջից
Թախծոտ տխուր մի երգ
Հիշեցնում է ինձ
Թիֆլիսը
Քուռը
«Պեպոն»

Ու Քեզ
Աղավնու պես ճերմակ
Վանքի պատին կռթնած
Քեզ
Մելպոմենի աստղ
Հմայիչ
Առինքնող
Կեկել...

* * *

Սիրո երգիչ է աշուղը
Սիրուց հարբած տրուբադուր

Պիաֆը Շառլն ու Բրելը
Ինչու են այսքան տխուր:

Ինչու այսպես ճնշող է
Ձայն ու պտույտը դիսկի:

Վաղուց քնած են բոլորը
Իսկ Շառլը կանչում է «Էլիզ...»:

Իսկ Շառլը լալիս է անհույս
-Էլիզ, Էլիզ, Էլիզ...

-Քուն եղիր գիշեր է հոգիս
Բոլորն էլ սիրուց են լալիս...

* * *

Գ Ա Ռ Ն Ի ՈՒ Մ

Մենք հեթանոս տաճարից վեր Աստվածների Օլիմպում
Անահիտին մեր ոսկեմայր նվիրեցինք համբույրներ
Համբուրելով համբուրելով քո սև աչքերն բիբլիական
Որոնք ասես տեսել էին հին հեթանոս Աստվածներ
Համբուրելով համբուրելով քո շուրթերը հրաբորբ
Աստված ասես նրանցով էր վառել աստղերն ու արև
Համբուրելով համբուրելով ստինքներդ ճերմակնուռ
Որոնց նման չեմ հավատում թե կա քաղցր էլ պտուղ
Ու գրկեցի ու գրկեցի քո սրունքներն արևհար
Ոչ մի դարում չի ունեցել էդպես սյուներ մի տաճար
Եվ արեգակն ամենատես որ վկա է իմ խոսքին
Հուր էր թափում ոսկեդրամ ինչպես հնում հարսնիքում
Եվ արծիվներն էին թևում երգում էին ճնճղուկներն
Ու տարածում աշխարհով մեկ աստեղային ցնծություն...

* * *

Անշար տաճար ես
Անկերտ արձան ես
Անվեմ կամար ես
Անբառ աղոթք:

Ես ուխտավոր եմ
Բաց քո փակ դուռը
Սիրտս արնոտ է
Զոհդ անխոս:

Վեր առ քո աջը
Եվ օրհնությունդ
Հուր համբույրով Քո տուր...

* * *

ՓԱՓԱԶՅԱՆԻՆ

Մեռավ Փափազը
Ես նրան տեսել եմ
Ու նկարել եմ կյանքում
Հուժգու մռնչում էր
Խանդից գալարվում էր
Երբ որ խաղում էր Մավր:

Վերջում երբ ծեր էր
Հաճախ խաղում էր 
Մեկ Գրեգոր
Որ բեմում մեռներ
Ախր նրա պես մենակ ու ծեր էր
Շեքսպիրյան հանճարեղ 
ողբերգուն...

* * *

Սարին բացված գարուն
Խոտին պառկած հովիվ
Երկինք կապած կամար
Վրան շուշան ամպեր:

Զուլալ առվի ափին
Հովվի ձեռքին շվի
Շվին շուրթին շնչեր
Պատմեր իր սերն հանդին...

* * *

Քեզ երբեք, էլ երբեք չեմ տեսնի
Չեմ լսի ծիծաղդ կանչող
Սիրտ մաշող տառապանքս ու կարոտ
Կմնան քեզ համար անհաղորդ:

Կմնամ ես ցրտում առանց քեզ
Կարոտիս հուշերիս հետ կապված
Վարդերիս հետ ճերմակ
վարդերիս հետ փշոտ
Անարև իմ այգում ջարդված..

***

Քուչակը նստել է ծառի տակ
Հագին շալ ու կոճակն է ոսկի
Աչքը գցել է սիրունին
Երգ կասե ու բերանն է ոսկի
Սիրունը կանգնել է արևին
Ծոցը բաց ու մազն է ոսկի
Քուչակի սիրտը կարյունե
Նռան պես ու աչքի արյուն
արցունքն է ոսկի...

* * *

Արև ամառ է շոգ
Նորքից մինչև Մասիս
Որպես սեղան սուփրա
Փռվել է քաղաքն այս մեծ:

Օդում բուրմունք մրգի
Լազուր սինու մեջ բաց
Արևն հսկա ողկույզ
Զանգուն զնգուն գինի:

Ամեն քարի մեջ տաք
Հոգին ու սիրտն հայի
Դարձել է զարդ քանդակ
Փռվել Մասիսն հեռու....

* * *

LA BELLA SEIGNIORA

Գիշեր էր
Քնած էր Հռոմը
Փողոցում հատ ու կենտ մարդիկ
Մայթին
Կանգնած էր սինյորան
Տիրամոր արձանին կոթնած:
Մինին
Գրկել էր ազդրերը
Աչքը հառած մթին
Շուրթերը կրծում էին սիգարը
Կիրքը լափել էր հոգին
Այնտեղ
Ուր Մադոննան հարգի է
Ծախում էր
Մարմինն իր սինյորան
Մուրում էր լիրա Մադոննան
Ծախում էր
Մադոննան կիրք
Տիրամոր արձանին կոթնած
Ծարավ անհագ կրքերին
Կանգնած էր
Լա Բելլա սինյորան
Կանգնած էր չքնաղ մի կին...

* * *

ՍԱՅՐԻԿԻՍ

Մայրս կապույտ աչքեր ունի
մայրս փոքր ու մեծ
Մայրս փոքրիկ հասակ ունի
մայրս փոքր ու մեծ
Մայրս է ինձ աշխարհ բերել
մեծացրել գրկին
Ինչքան էլ որ փոքր լինի
մայրն աշխարհ է մեծ...

* * *

ՀՈՐՍ ՄԱՀԸ

Կաթ կաթ կաթ 
Անձրև ընկավ գետնին

Կաթ կաթ կաթ
Արցունք հոսեց այտին

Կաթ կաթ կաթ
Արյուն իջավ աչքին

Կաթ կաթ կաթ
Արևն իմ հոր հանգավ...

* * *

Չարենցը Չարենցին երգել է
Չարենցը արձանն է Չարենցի
Չարենցը նորը երգել է
Ներկան ու գալիքն ավելի:

Նարեկին Քուչակին պաշտել է
Խառնել է հինը նորին
Չարենցը կաթ կաթ քամել է
Հայ երգն ու դարձրել է գինի:

Գինու պես երգերն իր պարզել է
Շուրթերին եկող դարերի
Չարենցը Չարենցին երգել է
Չարենցը արձանն է Չարենցի..

* * *

Գնա ու թող քո ճանապարհին
Արևը լինի քո ուղեկիցը
Դու մի տրտնջա
Որ ուրիշ ոչ ոք քեզ չի ուղեկցի
Դու մի տրտնջա
Քո ճանապարհի հեռու երկայնքով
Քեզ քո երգերը երկար կուղեկցեն
Ու արևդ շեկ, տաք ջերմանվեր
Քեզ իր շողերով չի թողնի մենակ
Ու դու նրանով
Ու դու նրա պես
Մնա միշտ բարի
Մնա միշտ անչար
Մնա միշտ անչար
Ու տար քո լույսը
Քո կայծը հոգու
Ու տուր բոլորին
Ժպտա բարևիր
Ու արևի պես
Դու հեռվից նայիր քեզ չարն ուզողին
Դու բարձր մնա դու մնա անքեն
Դու սիրտդ լցրու, լցրու արևով
Ու գնա գնա...
Բարի ճանապարհ
Բարի հանդիպում
Բարի վերադարձ
Բարի վերադարձ...

* * *

Երբ գնաս այգին այն մութ
Ծառերին որ կանգնած են դեռ
Շոյիր մատներով քո քնքուշ
Ու նրանց իմ կողմից համբուրիր:

Ասա որ ապրում եմ դեռ
Կարոտով եմ հիշում ես նրանց
Ասա ճերմակել եմ վաղուց
Ասա մի քիչ սիրտս է սև:

Ասա որ կուզեի լսել
Կանաչ սոսափյունը նրանց
Ասա այն օրից չեմ տեսել
Գարուն ավելի մի շքեղ:

Գուցե դրանից եմ տխուր
Գուցե դրանից եմ մենակ
Բայց զգույշ շշուկով դու ասա
Չդեղնեն տերևները նրանց...